Հանրագիտարան

Ռենե Դեկարտ

Մաթեմատիկոս, ֆիզիկոս և փիլիսոփա Ռենե Դեկարտը ծնվել է 1596թ.-ի մարտի 31-ին: Նա ձևակերպել է անալիտիկ երկրաչափության հիմունքները, հիմնավորել լուսային ճառագայթների բեկման օրենքը։

Դեկարտի մաթեմատիկական ուսումնասիրությունները վերաբերում են կորերի դասակարգմանը, որոնք նա ստորաբաժանել է հանրահաշվական և տրասցենդենտալ դասերի։ Իր «Երկրաչափություն» աշխատության մեջ առաջարկել է ուղղանկյուն կոորդինատների համակարգը, որը հեղինակի անունով կոչվել է կոորդինատների դեկարտյան համակարգ։ 

 

3-րդ կարգի հանրահաշվական մի կոր նույնպես նրա անունով կոչվել է Դեկարտի տերև։ Դեկարտն առաջինն է ներմուծել շարժման քանակ հասկացությունը, բացահայտել մարմինների հարվածի դեպքում գործող օրենքը, ձևակերպել իներցիայի օրենքը, բացատրել ծիածանի առաջացումը, տվել մագնիսականության տեսությունը։ 
 
Տիեզերածնության մեջ Դեկարտը մշակել է ուսմունք արեգակնային համակարգի զարգացման բնական ընթացքի մասին։ Դեկարտի փիլիսոփայությունը կապված է մաթեմատիկայի, ֆիզիկայի և տիեզերածնության բնագավառներում նրա հետազոտություններին և իր լատինականացված անունով կոչվել է կարտեզիականություն։
 
Որպես փիլիսոփա՝ կարծում էր, որ դատողության հավաստիության հիմքը մտածող սուբյեկտի գոյությունն է (այստեղից էլ «Մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ» դեկարտյան հանրահայտ հիմնադրույթը): Ֆրանսիայի հնագույն ազնվական տոհմից սերող Ռենե Դեկարտն (լատինականացված անունը Կարտեզիուս), ավարտել է Անժուի Լա Ֆլեշ ճիզվիտական դպրոցը, որոշ ժամանակ անց դարձել է զինվորական, ապա ճանապարհորդել է։
 
1629թ.-ից Դեկարտն ապրել է Հոլանդիայում, 1649թ.-ին տեղափոխվել է Ստոկհոլմ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջ։ Հենց այդ ժամանակաշրջանում էլ հրատարակվում են նրա «Խորհրդածություններ մեթոդի մասին», «Փիլիսոփայական հիմունքներ», «Մետաֆիզիկական խորհրդածություններ» աշխատությունները։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: